Կոնգրեսականներ Մալոնին և Բիլիրաքիսը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության երկկուսակցական օրինագիծը
22-04-2022 17:07:40 | ԱՄՆ | Մամլո հաղորդագրություն
Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք) և Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա) ներկայացրեցին երկկուսակցական օրինագիծ, որը կօգնի Կոնգրեսի գրադարանին ուժեղացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկվածությունը, և հինգ տարվա ընթացքում տարեկան 2 միլիոն դոլար կհատկացնի այս նախաձեռնությունը իրագործելու համար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
«Ըստ ասացվածքի՝ եթե մենք պատմությունից դասեր չենք քաղում, մենք դատապարտված ենք կրկնել այն», - ասաց կոնգրեսական Մալոնին: «Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ հայտարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության ակտի մասին՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ կերպով սովորեցնելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցյալ տարի նախագահ Բայդենը հստակեցրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այս համակարգված սպանությունները ցեղասպանություն էին: Խիստ անհրաժեշտ է, որ մենք այժմ ապահովենք, որ ամերիկացիները հասանելիություն ունեն այն ռեսուրսներին, որոնք իրենց անհրաժեշտ են այս վայրագության մասին սովորելու և սովորեցնելու համար»:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության ակտը նախատեսելու է ճշգրիտ, համապատասխան ու մատչելի ռեսուրսների մշակում և ազգային մակարդակով տարածում` խթանելու ըմբռնումը՝ թե ինչպես և ինչու տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ներառյալ հանրային հասանելիություն թվային ռեսուրսներին:
«Մեր՝ որպես մարդկային ցեղի, ամենամութ պահերը պատահել են այն ժամանակներում, երբ նրանք, ովքեր ավելի լավ գիտեին, «թե որոնք էին իրենց ճիշտ քայլերը»՝ լուռ կանգնած մնացին՝ արդարացումներ բերելով պասիվության համար և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի, հուսանք, որ ապագայում կկարողանանք դրանք կանխել»,– ասաց կոնգրեսական Բիլիրաքիսը: «Այս նպատակին հասնելու լավագույն ուղիներից են կրթությունն ու իրազեկումը, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության ակտը»:
«Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրաքիսին ցեղասպանության վերաբերյալ ուսուցման և կանխարգելման գործն առաջ մղելու իրենց շարունակական ջանքերի համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Այս օրինագիծը նպատակ ունի ուժեղացնել կրթությունն ու իրազեկվածությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որը պաշտոնապես ճանաչվել է նախագահ Բայդենի կողմից 2021թ.-ի ապրիլի 24-ին՝ 2019թ.-ին Ներկայացուցիչների պալատում և Սենատում օրինագծերի ընդունվելուց հետո՝ հաստատելով ԱՄՆ-ի արձանագրությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»: