Տավուշի մարզում նորամուտ տոնեց բժշկական կենտրոնը, իսկ<br /> Դիլիջանում ԿԲ ստորաբաժանումը եւ միջազգային դպրոցը նորամուտ<br /> կտոնեն 2013թ.<br />


Տավուշի մարզում նորամուտ տոնեց բժշկական կենտրոնը, իսկ
Դիլիջանում ԿԲ ստորաբաժանումը եւ միջազգային դպրոցը նորամուտ
կտոնեն 2013թ.

  • 09-04-2010 22:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 9-ին հանդիսավորապես շահագործման հանձնվեց վերանորոգված եւ բժշկական արդիական սարքավորումներով վերազինված Իջեւանի բժշկական կենտրոնի շենքը: Վերանորոգումը եւ վերազինումը իրականացվել է «Առողջապահության համակարգի արդիականացում» Համաշխարհային բանկի առաջին վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող ՀՀ առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում, ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հանդիսությանը ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Իջեւանի բժշկական կենտրոնում տեղադրված է բժշկական հեռահաղորդակցային համակարգը, որը հնարավորություն կտա բժշկական կենտրոնին կապի մեջ մտնել Երեւանի «Էրեբունի», «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների հետ, առաջատար մասնագետներից ստանալ անհրաժեշտ բժշկական խորհրդատվություն: Ըստ նախարարի, սա նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրի մաս կազմող մարզերի համաչափ զարգացման ծրագրի հերթական քայլն է, այս տարվա ընթացքում նախատեսվում է համանման կենտրոններ բացել նաեւ Արարատի մարզում, Ապարան, Գորիս, Գավառ քաղաքներում: Երկրի ղեկավարը Դիլիջանում այցելեց նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական բանկային կենտրոնի եւ վարչական բնակելի շենքի շինհրապարակներ: Նախատեսվում է, որ Երեւանից Դիլիջան կտեղափոխվի Կենտրոնական բանկի աշխատակազմի մի մասըՆ 250-300 հոգի, կաշխատի եւ կբնակվի Դիլիջանում: Կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2013թ. փետրվարի 1-ին: ՀՀ նախագահը այցելեց նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի տարածք, դպրոցի վրա նախատեսվում է ծախսել շուրջ 35 մլն. դոլար գումար: 2013թ. սեպտեմբերին բացվելիք դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 աղջիկներ եւ տղաներ, կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ներդաշնակ եւ համակողմանի կրթություն: Դպրոցի նախագծի հիմնադիրներն են «Տրոյկա դիալոգ» ռուսաստանյան խոշորագույն ներդրումային խմբի խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը: ՀՀ նախագահը բարձր գնահատեց ծրագրի իրականացումը. «Շատ կարեւոր է Հայաստանում, մանավանդՆ այս տարածաշրջանում, ունենալ ժամանակակից պահանջներին ամբողջովին համապատասխանող կրթական համալիր»,- ասաց ՀՀ նախագահը. հավելելով` «Գաղտնիք չէ, որ փոքրաթիվ ազգ ենք, եւ մենք կարող ենք հաջողություն ունենալ միայն ու միայն որակի հաշվին, իսկ լավ որակ կարելի է ձեռք բերել միայն օգտագործելով կրթության ժամանակակից ձեւերը, ստանալ գիտելիք, այնուհետեւ այդ գիտելիքը հաջողությամբ ներդնել կյանքում»: Երկրի ղեկավարը կարեւորեց նաեւ Դիլիջանում նման դպրոցի ստեղծումը` Հայաստանի համաչափ զարգացման տեսանկյունից: Երկրի ղեկավարը կարեւորեց, որ «պարբերաբար մեր կոչերին արձագանքում են արտերկրում հաջողության հասած մեր հայրենակիցները», եւ իշխանությունները պետք է կարողանան համապատասխան աջակցություն ցույց տալ, որպեսզի «այդպիսի նախաձեռնությունների եւ նախաձեռնողների թիվը լինի շատ մեծ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն