Զոհված զինծառայողների մի քանի հարազատներ ներխուժել են զորամասի տարածք, ծեծի ենթարկել գնդապետին. հարուցվել է քրգործ


Զոհված զինծառայողների մի քանի հարազատներ ներխուժել են զորամասի տարածք, ծեծի ենթարկել գնդապետին. հարուցվել է քրգործ

  • 18-05-2022 20:06:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:
 
Բանն այն է, որ, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին՝ հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:
 
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, որոնք Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
 
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել:
 
Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Հիշեցնենք՝ երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, և մեկ այ զոհված զինծառայողի մայր՝ Ազգուշ Մարտիրոսյանը, ծեծի են ենթարկել սպայի, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:
 
Զոհված զինծառայողի հորն ու հորեղբորը մեղադրանք է առաջադրվել, հայրը ձերբակալվել է, իսկ հորեղբորը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play