Ակնհայտ է` Բրյուսելը փորձում է փաթեթային լուծում առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին. Սուրենյանց


Ակնհայտ է` Բրյուսելը փորձում է փաթեթային լուծում առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին. Սուրենյանց

  • 23-05-2022 12:08:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Մի քանի դիտարկումներ` Միշել- Փաշինյան- Ալիև հանդիպման մասին.
 
®Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
 
Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
 
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
 
✓Լակոնիկ այս տեղեկատվությունն, իհարկե, չի բացահայտում ժամեր տեւած քննարկումների ողջ բովանդակությունը։
 
Սակայն ակնհայտ է` Բրյուսելը փորձում է, այսպես ասած, փաթեթային լուծում առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին` դրանից բխող աշխարհաքաղաքական հետեւանքներով։
 
Դարձյալ օրակարգում են մնում նախորդիվ իմ բարձրաձայնած որոշ հարցեր ու մտահոգություններ. արդյո՞ք պաշտոնական Երեւանը հաշվարկել է բրյուսելյան գործընթացի հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքները, ինչքանո՞վ են համադրելի Բրյուսելի ու Մոսկվայի միջնորդությունները` հաշվի առնելով Ռուսաստան- Արեւմուտք հակադրությունները, արդյո՞ք նոր անվտանգային ռիսկեր չի ծնում հայ- ադրբեջանական բանակցությունների, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա Արևմուտք–Ռուսաստան մրցակցությունը, որը որոշակի պահի կարող է բարդ երկընտրանքի առաջ կանգնեցնել Երեւանին։ Եվ վերջապես` ողջամի՞տ է գնալ Բրյուսելի առաջարկած, այսպես ասած, փաթեթային լուծմանը, եթե հնարավոր է այս պահին առկախել ԼՂ կարգավիճակի լուծման հարցը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play