2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 բուժառու. ԱՆ-ն տվյալներ է հրապարակել


2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 բուժառու. ԱՆ-ն տվյալներ է հրապարակել

  • 28-07-2022 12:24:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է՝ բուժառուի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդացությունը:
 
2020 թվականից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով օրերս հաստատվել է վիրուսային հեպատիտ Ց-ով բուժառուներին նոր դեղերով բուժման կարգը:
 
2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 բուժառու:
 
1999 թվականից ՀՀ-ում իրականացվում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, որոնց շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր: Հեպատիտ Ց-ի դեմ դեռևս պատվաստումներ չեն իրականացվում աշխարհում:
 
Նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են՝ հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով:
 
Վիրուսային հեպատիտների վաղ հայտնաբերումը բուժման առաջին նախապայմանն է, ուստի խորհուրդ է տրվում բնակչությանը պարբերաբար հետազոտվել, քանի որ հիվանդությունը հիմնականում կարող է ընթանալ անախտանիշ:
 
Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվում են հանրային միջոցառումներ, անվճար, անանուն հետազոտություններ` հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play