Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականն այսօր մրցելու է ԱՄՆ թիմի հետ


Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականն այսօր մրցելու է ԱՄՆ թիմի հետ

  • 05-08-2022 11:26:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները:
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:
 
Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:
 
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց կթողնի այս տուրը:
 
ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:
 
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):
 
Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:
 
Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը կչափի Իսրայելի թիմի հետ: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մարսել Եֆրոիմսկիի հետ, Լիլիթ Մկրտչյանը սևերով կմրցի Դինա Բալենկայայի հետ, Աննա Սարգսյանը կխաղա Մաշա Կլինովայի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Միչալ Լահավի հետ:
 
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։
 
7-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից:
 
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play