ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը


ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը

  • 30-09-2022 19:50:05   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
 
ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
 
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները և ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել էին ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց:
 
Տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին և չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի և գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի տեղակալի գործողություններում ևս առկա են քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
 
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
 
ՀՀ ՔԿ-ն հիշեցնում է, որ ավելի վաղ մեղադրանքներ էին ներկայացվել նաև Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play