Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ


Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ

  • 02-11-2022 21:08:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։ Հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
 
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
 
• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք անձնական հիգիենային։
 
 
   
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play