ԱԺ գլխադասային հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին»


ԱԺ գլխադասային հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին»

  • 09-11-2022 10:56:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին:
 
Օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը: Նրանք պատասխանել են պատգամավորների և քննարկմանը ներկա ոլորտի մասնագետների հարցերին, որոնք վերաբերել են առաջին ընթերցմամբ առաջարկված փոփոխություններին:
 
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Շեշտադրված hաջորդ կարևոր խնդիրը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:
 
Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ սահմանելով հստակ ժամկետային թիրախներ և ծախսային գնահատականներ:
 
Նշենք, որ ծրագիրը մշակվել է ընդգրկուն, մասնակցային փուլերով՝ անցնելով հանրային քննարկումների տևական փուլ, ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:
 
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
 
 «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը սահմանված կարգով կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play