Պատասխան համատեղ զորավարժություններ. վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար


Պատասխան համատեղ զորավարժություններ. վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար

  • 07-12-2022 12:25:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Ադրբեջանի հարավում մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունները միաժամանակ անցկացվում են Իրանի հետ սահմանի երեք հատվածներում՝ Ջրականի, Իմիշլիի եւ Աստարայի հարեւանությամբ:
 
Չնայած պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե զորավարժություններն անցկացվում են 2022 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն, բայց ակնհայտ է, որ այն միանշանակ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի հետ սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժությունների պատասխանն է:
 
Ադրբեջանաթուրքական զորավարժությունների երեք ուղղություններն ընդգրկում են Իրանի հետ սահմանի ողջ երկայնքը՝ Ջրականից սկսած մինչեւ իրանական ցեղախմբերին պատկանող շիա ուղղությանը դավանող թալիշների հոգեւոր կենտրոններից մեկը՝ Աստարան: Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հակաիրանական ժեստն ամբողջացնելու նպատակով Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած ռազմական բարձրագույն հրամանատարությունը:
 
Տարածաշրջանում ընթացող այս գործընթացի պատկերն ու տրամաբանությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ է անցկացված եւ ընթացող զորավարժությունները ռազմականից քաղաքական տերմինաբանությամբ, խոսույթով ներկայացնել:
 
2021 թ. մայիսից եւ հատկապես 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարեց, որ  թույլ չի տա իր հյուսիսային սահմանների մոտ աշխարհաքաղաքական իրավիճակի, պատմական սահմանների փոփոխություն եւ իր ասելիքն ավելի պատկերավոր ներկայացրեց աննախադեպ ծավալի զորավարժություններով, որոնցում ընդգրկված էր Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Այդ զորավարժություններին հետեւեցին Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ այսպես կոչվող ,արեւմտյան զանգեզուրիե եւ ,միջանցքիե վերաբերյալ, ինչին հաջորդեցին Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները, իսկ այսօր արդեն՝ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները: Ինչն էլ իր հերթին ադրբեջանաթուրքական պատասխանն է Իրանին, որ ցանկության դեպքում Հայաստանի նկատմամբ կդիմեն ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ բացելու համար: Քաղաքական լեզվով վերծանած, ըստ էության, Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների ասելիքը սա է:
 
Հետեւաբար, այս զորավարժություններն ինչքան Իրանի դեմ են ուղղված, այնքան էլ՝ Հայաստանի: Այստեղ տեղին է հիշել, որ 44-օրյա պատերազմը հաջորդեց ադրբեջանաթուրքական համատեղ երկամսյա զորավարժություններին, երբ այդ քողի տակ Թուրքիայից բերված զինտեխնիկան եւ ռազմական մասնագետները մնալով Ադրբեջանում՝ լիարժեքորեն մասնակցեցին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային՝ որոշ դրվագներում եւ ընդհանուր առմամբ ապահովելով պատերազմի ելքը:
 
Զորավարժություններով հագեցած՝ վերեւում նկարագրված գործընթացները միանշանակ փաստում են մեր տարածաշրջանում լարվածության աստիճանի բարձրացման մասին: Այս պայմաններում օրինաչափորեն գործարկվում է  Հայաստանի անվտանգային համակարգի գործիքակազմը: ՀՀ զինված ուժերում ըստ մարտական պատրաստության պլանի զորավարժություններ մշտապես անցկացվում են, սակայն այսօր առարկայական անհրաժեշտություն ունի համատեղ զորավարժությունների անցկացումը: Այն վերջին շրջանում ընդունված պրակտիկա է: Միջերկրական ծովի շրջանում Հունաստան-Թուրքիա հարաբերությունների լարման ֆոնին Աթենքը Ֆրանսիայի, Եգիպտոսի, Կիպրոսի հետ համատեղ մի քանի զորավարժություններ անցկացրեց:
 
Այդ երկրի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանի դեպքում համատեղ զորավարժություններ կարող են անցկացվել ինչպես մեր անվտանգային համակարգի բաղադրիչ համարվող ՀԱՊԿ հավաքական զորամիավորումների, այնպես էլ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների հետ միասին: Լիովին օրինաչափ եւ տրամաբանական կլինի, եթե ՀՀ զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացնեն Իրանի բանակի ստորաբաժանումների հետ, քանի որ հակառակ կողմից եկող ուղերձները եւ զորավարժությունների աշխարհագրական վայրերը դրա համար ապահովում են բավարար հիմքեր՝ նաեւ սպառնալիքների տեսքով: Միջազգային փորձը փաստում է, որ ռազմական ուժի նման համատեղ ցուցադրություններն ավելի շատ բացասական զարգացումները կանխարգելելու գործառույթ են իրականացնում, եւ Հայաստանի ու Արցախի շուրջ արձանագրվող զարգացումների ֆոնին դա լիովին ընկալելի, օրինաչափ կլինի:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը