ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները


ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները

  • 07-12-2022 14:02:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման գործընթացի հետ կապված զարգացումները: Նախօրեին սենատի ու ներկայացուցիչների պալատի համատեղ հանձնաժողովի կողմից վերջնական տեսքի է բերվել «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի տեքստը, որում տեղ չեն գտել կործանիչների հնարավոր գործարքի հարցում հունիսին Ներկայացուցիչների պալատի կողմից ավելացված նախապայմանները, փոխանցում է Ermenihaber-ը։
 
Քվեարկությամբ Կոնգրեսում ընդունված նախագծում առկա էին հետևյալ 2 նախապայմանները.
 
1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։
 
2. Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:
 
Նախատեսվում էր, որ ԱՄՆ սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունվելիք ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:
 
Սակայն նախ հոկտեմբերին սենատի քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքի տեքստից հանվեցին նախապայմանների նախագիծը, ապա դրանք տեղ չգտան նախօրեին համատեղ հանձնաժողովի կողմից վերջնականացված տեքստում:
 
Այսպիսով ներկայացուցիչների պալատի դրած նախապայմանները հանվեցին և դրանք այլևս չեն կարող ավելացվել օրենքի վերջնական տեքստում, բայց այսքանով Թուրքիային կործանիչների վաճառքի հարցում բոլոր խոչընդոտները չեն վերացվել, քանի որ Կոնգրեսը պետք է նաև հավանություն տա Թուրքիային կործանիչներ վաճառելու մասին կառավարության ներկայացնելիք առանձին փաստաթղթին:
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սենատի մշակած տեքստից նախապայմանների հանվելը առաջացրել էր սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի դժգոհությունը: Նա հայտարարել էր, որ Թուրքիային զենքի վաճառքի հարցում մերժման ուղղությամբ կաշխատի:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը