Անհնար է նենգափոխել ճշմարտությունը. որքան էլ դա ցանկանան մեր հարեւան պետությունները, առավել եւս՝ տեղեկատվական հոսքերի ներկա դարաշրջանում


Անհնար է նենգափոխել ճշմարտությունը. որքան էլ դա ցանկանան մեր հարեւան պետությունները, առավել եւս՝ տեղեկատվական հոսքերի ներկա դարաշրջանում

  • 08-12-2022 14:35:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Թուրքիայի արտգործնախարարն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական եւ մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսում ունեցած իր ելույթի ժամանակ հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունները կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Մի կողմ թողնենք փաստը, որ դա փաստացի նշանակում է Հայաստանին ուղղված նախապայման, այն դեպքում, երբ Անկարան այդ թեմայով խոսելիս մշտապես հայտարարում է, թե առանց նախապայմանների է խոսում Հայաստանի հետ:
 
Չավուշօղլուի միջոցով Անկարայից պարբերաբար հնչող նման հայտարարությունները միանշանակ փաստում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունները տարածաշրջանում նույնն են: Այն միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ խորհրդային տարիներին, բայց առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Անկարայի անմիջական մասնակցությամբ ռազմական ագրեսիայի՝ իրենց համար ցանկալի ելք ունենալուց հետո Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ կորցրեց իր ինքնիշխանությունը: Ներկայում Ադրբեջանի գործողություններն ամբողջովին ուղղորդվում են Թուրքիայից: Անկարան իր  պահանջները Հայաստանին ուղղում է Բաքվի միջոցով, եւ վերջինիս տարածքային նկրտումներն ավելի շատ Անկարայի դրդմամբ են: Նման քաղաքականությամբ Թուրքիան նաեւ նպատակ է հետապնդում ճնշել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները:
 
Այսպիսով՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ոչ միայն հավանության են արժանանում Անկարայում, այլեւ առաջին հերթին թելադրվում են այնտեղից: Պատահական չէ, որ այս երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Հայաստանին վերաբերող խոսույթն ամբողջությամբ համընկնում է: Օրինակ՝ երկու պետությունների ղեկավարներն էլ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան որակում են նույն բառերով՝ «Հայաստանի կողմից սադրանք», եւ փորձում են այդ կեղծիքը ներկայացնել աշխարհին: Այս ամենից հետեւում է, որ Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու, հնարավոր ագրեսիաների դիմելու քայլերը կանխելու համար շահագրգիռ կենտրոնները, միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է խոսեն եւ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ ցույց տալով, որ կուլ չեն տալիս ադրբեջանաթուրքական կեղծիքների խայծերը Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ: Թերեւս սա էր Ֆրանսիայի Սենատի եւ խորհրդարանի ընդունած բանաձեւի առանցքային դրույթը, երբ շեշտվեց Թուրքիայի դերը Հայաստանի ու Արցախի դեմ իրականացված ագրեսիաների փաստերով:
 
Այս ամենի ֆոնին Անկարայում կազմակերպվում է «Թուրքիայի նախաձեռնողական եւ մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով  համաժողով, որտեղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին, Ադրբեջանն էլ համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկով է հանդես եկել: Ստացվում է, որ  Անկարան եւ Բաքուն խաղաղության գործընթաց են համարում 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած ագրեսիաները Արցախի ու Հայաստանի դեմ: Ավելին՝ կատարվողը գնահատելով խաղաղության գործընթաց՝ Չավուշօղլուն Հայաստանին հորդորում է օգտվել առաջարկվող հնարավորությունից: Թուրքիան ու Ադրբեջանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց ապակառուցողական, որոշ դեպքերում խաղաղության դեմ կատարվող քայլերի մասին համաշխարհային հանրության բարձրաձայնումներին փորձում են պատասխանել նման կոնֆերանսների ժամանակ հնչեցվող կեղծ թեզերով, բայց այն չի կարող արդյունավետ լինել:
 
Տեղեկատվության հոսքերի մեր դարաշրջանում հնարավոր չէ ճնշել ճշմարտությունը, հետեւաբար՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար թյուրքական պետությունները պետք է որդեգրեն կառուցողական  դիրքորոշում՝ հրաժարվելով առավելապաշտական եւ իրականությունը խեղաթյուրող քայլերից: 
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը