Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»


Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

  • 09-01-2023 12:30:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: 
 
Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:
 
 «Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել համաճարակային ֆիլտր՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
 
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: 
 
 Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:
 
Նշենք նաև, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play