Փրայսը հակադարձում է Վոլոդինին


Փրայսը հակադարձում է Վոլոդինին

  • 16-02-2023 13:19:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի օրերս արած հայտարարությանը՝ ասելով, որ «Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին»:
 
«Մենք դա ամենաակնհայտ ձևով տեսնում ենք Ուկրաինայի դեպքում, որտեղ Ռուսաստանն ուղարկել է իր ուժերը՝ իրենց ողջ դաժանությամբ՝ փորձելով իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, հեռացնել Ուկրաինայի իշխանությունը և զրկել Ուկրաինային իր ինքնիշխանությունից», - նշել է Փրայսը՝ հավելելով, որ Ռուսաստանը նման կերպ՝ քիչ պակաս կտրուկ մարտավարություն կիրառելով վարվում է տարածաշրջանի որոշ երկրների դեպքում:
 
«ՄԱԿ-ի Կանոնադրությունը, միջազգային իրավունքը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ այս բոլորը պաշտպանում են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության հայեցակարգը: Եվ հենց այդ տարրերն է խախտում Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում, իսկ որոշ դեպքերում Ուկրաինայից շատ հեռու գտնվող երկրների պարագայում»,- հայտարարել է Նեդ Փրայսը։
 
Օրերս Մոսկվայում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պետդումայի խոսնակը հայտարարել էր, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի»: «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - հայտարարել էր Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play