Իշխանությունները պետք է ռիսկի դիմեն և ԼՂ հարցը միջազգային դատարանում ներկայացնեն. Օսկանյան


Իշխանությունները պետք է ռիսկի դիմեն և ԼՂ հարցը միջազգային դատարանում ներկայացնեն. Օսկանյան

  • 24-02-2023 14:14:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Եթե ՀՀ իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, ապա Վարդան Օսկանյանը նրանց առաջարկում է գնալ ավելի համարձակ քայլերի` այդ հարցն ամբողջապես տեղափոխել իրավական դաշտ։
 
Հիմնավոր փաստ կա, ինչն արտահայտվում է շրջանառվող փաստաթղթերով, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են` ԼՂ–ն լինի Ադրբեջանի կազմում։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում այս հայտարարությունն արեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
 
«Սա շատ վտանգավոր երևույթ է։ Սա կամրագրվի, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Այսօր ՀՀ–ն Ադրբեջանի և միջնորդների համագործակցությամբ փորձում է սրան այնպիսի փաթեթավորում տալ, որը կքողարկի այն։ Ավելին` ինչու չէ, եթե ստացվի, նաև որպես ձեռքբերում կներկայացնեն սա»,– ասաց Օսկանյանը։
 
Նրա խոսքով` ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել կամ քողարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը, քանի որ Ադրբեջանը կպահանջի, որ սևը-սպիտակով այդ հարցը ձևակերպվի թղթի վրա։ Օսկանյանը նշեց, որ քողարկումը վերաբերելու է այն հանգամանքին, որ չնայած Արցախն Ադրբեջանի կազմում լինելու դրույթ է լինելու, սակայն նշվելու է, որ պետք է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսություն լինի։ Սրանով էլ, ըստ նրա, տպավորություն են ստեղծելու, թե պատուհանը բաց է` Արցախի ժողովուրդը դեռ կարող է որոշում կայացնել։
 
«Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի վերոհիշյալ բովանդակությամբ, ապա Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ հետո Նախիջևանի»,– ավելացրեց նախկին նախարարը։
 
Նրա խոսքով` այս ամենի հիմքում դրվելու են անխուսափելիության և այլընտրանքի բացակայության հիմնավորումները։
 
Օսկանյանը շեշտեց` սրանք անընդունելի կանխավարկածներն են, և պետք է պայքարենք հենց դրանց դեմ։
 
«Եթե ՀՀ իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, առաջարկում եմ նրանց գնալ ավելի համարձակ քայլերի` այդ հարցն ամբողջապես տեղափոխել իրավական դաշտ։ Կարելի է ձեռնոց նետել Ադրբեջանին և ասել` եթե ուզում ես սովետական քարտեզներով սահմանների հարցը լուծել, ապա նախ վերականգնիր ԼՂԻՄ–ի մարզը, որը գոյություն է ունեցել բոլոր սովետական քարտեզներում»,–ասաց Օսկանյանը` հավելելով, որ ՀՀ իշխանությունները պետք է ռիսկի դիմեն և ԼՂ հիմնախնդրի հարցը միջազգային դատարանում ներկայացնեն։
 
Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմին` նշելով, որ դրա պարագայում էլ նշվում էր, թե անխուսափելի է, սակայն պատերազմում պարտվեցինք, քանի որ այն վարել ենք շատ վատ, չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը, տապալել ենք բանակցությունները. «1994-2018թթ. հարաբերական անդորրը հայ–ադրբեջանական սահմանագծում պահպանվել է 2 գործոնների շնորհիվ` կայուն դիվանագիտական գործընթաց և ռազմական հավասարակշռություն։ Այդպես է եղել առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք։ Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անգործության և անզորության հետևանք է։ Եթե անխուսափելի պատերազմներ լինեին, ապա դիվանագիտությունը գոյություն չէր ունենա»։
 
Օսկանյանը նշեց, որ ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել` 3 նախագահներն էլ մեկ նպատակ են ունեցել, որ ի վերջո ԼՂ–ն Հայաստանի մաս է դառնալու։ Իսկ հիմա բանակցային օրակարգը թելադրվում է Ադրբեջանի կողմից, և բանակցային օրակարգում չկա հայկական օրակարգ։
 
Այս պահին, ըստ նրա, մենք մեր առջև պետք է մի խնդիր դնենք` չստորագրել այս պահին որևէ փաստաթուղթ, և ՀՀ իշխանություններն այսօր ունեն այդ հնարավորությունը։ Այդ օրակարգը պետք է ընդլայնել և, օրինակ, ներառել հարցը, թե ինչ է լինելու Շուշիի և Հադրութի ճակատագիրը, մեր գերիների խնդիրը, ԼՂ կարգավիճակի հարցը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը մեր ինքնիշխան տարածքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play