ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը
30-03-2023 11:02:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը:
Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը:
Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Այս համատեքստում նա կարեւորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ եւ շուտափույթ իրականացման հրամայականը:
ՀՀ ԱԺ <<Պատիվ ունեմ>> խմբակցություն քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, այլեւ նոր պահանջներ է հնչեցնում, վտանգում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ադրբեջանի սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրանքներով, կան զոհեր:
Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քննարկվել են վերոնշյալ հանձնաժողովների կողմից մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովները որոշումներ են ընդունել <<Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման>> ու <<Երեխաների եւ երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման կանխարգելման>> վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հայտարարությունների նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններ՝ կարծիք եւ առաջարկություններ ստանալու նպատակով: