Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է․ Փաշինյանը վստահեցնում է՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել


Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է․ Փաշինյանը վստահեցնում է՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

  • 30-03-2023 12:49:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց, քանի որ Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ն կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք:  Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ ապրիլի 1-ը:
 
«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը:  Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,-ասաց վարչապետը:
 
Անդրադառնալով ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկություններին՝ նա ասաց. «Դրանք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական մի բլոկբաստեր: Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ:
 
Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը հետևյալն է՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»:
 
Վարչապետը հույս հայտնեց, որ այդ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների:
 
Ավելի վաղ Արցախի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: 
 
Մինչ Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունն էլ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում էին ադրբեջանական բանակի կողմից նոր բարձունքների և ճանապարհների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play