Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են, մնացած հատվածներում աշխատանքները շարունակվում են


Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են, մնացած հատվածներում աշխատանքները շարունակվում են

  • 06-04-2023 12:44:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում:
 
Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Պատճառն այն է, որ մինչև այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
 
«Եվ ահա, ինչպես հայտնի է, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը վստահեցրեց՝ հայկական կողմի տրամադրվածությունը եղել է ու շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը:
 
Նա հույս հայտնեց, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play