ԱԱԾ տնօրենն է վարչապետին առաջարկել սահմանապահ զորքերի հրամանատարին ազատել պաշտոնից. Քոչարյան
14-04-2023 13:38:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում:
«Նրա հետ առնչվել եմ որպես հանձնաժողովի նախագահ, ինքը և բարոյական, և մասնագիտական առումով բարձրակարգ սպա է»,-ասաց Քոչարյանը:
Թե Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնից ազատելը որքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ՝ Քոչարյանն ասաց, որ ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ, բայց ծառայողական քննությունը պետք է տա պատասխան:
«Կարող է և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկումը կապված չէ դրա հետ, կարող է և կապված է: Բայց, ամեն դեպքում, պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Դա քննարկման առարկա չէ»,-ասաց Քոչարյանը:
Նա հորդորեց ազատումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ՝ նշելով, որ դա կարող է նաև պաշտոնների տեղաշարժով պայմանավորված լինել: Եվ դա պետք է միտված լինի հետագայում սահմանապահ զորքերի, պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությանը:
Արման Մարալչյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվելու մասին հայտնի էր դարձել ապրիլի 12-ին:
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: