Հայկ Զոբանյան. «ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման եւ վերելքի հիմնական գրավականը կարող է հանդիսանալ»
12-04-2011 17:19:46 | Հայաստան | Հարցազրույցներ
Հարցազրույց «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի հետ
Պարոն Չոբանյան, ինչպե՞ս կգնահատեիք ՏՏ ոլորտի ներկա վիճակը Հայաստանում, եթե նկատի ունենանք, որ ոլորտը հայտարարված է գերակա:
Ոլորտի առկա իրավիճակը բնութագրելիս պետք է արձանագրել, որ
կա որոշակի առաջընթաց եւ հեռահաղորդակցության, եւ բիզնես միջավայրի, եւ ծառայությունների ներդրման առումով, սակայն դրանք խիստ անբավարար են:
Անմխիթար վիճակում են ոլորտի համակարգման խնդիրները, ընդ որում` տեղեկատվական տեխնոլոգիաներից չի կարելի առանձնացնել հեռահաղորդակցությունը: Տարիներ շարունակ ոլորտի զարգացման ցածր տեմպերը մեծապես պայմանավորված էին հենց հեռահաղորդակցությունում առկա խնդիրների հետ:
Չնայած ոլորտը հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ համոզված ենք, որ այն մեր հանրապետության տնտեսական զարգացման, ես կասեի` վերելքի հիմնական գրավականը կարող է հանդիսանալ։ Սակայն, ըստ էության, այս ուղղությամբ պետական որեւէ հստակ քաղաքականություն չկա, բացի հայեցակարգային փաստաթղթերից, որոնցում նախանշված թիրախային ցուցանիշներն արդեն ձախողված են:
Հայաստանը ներդրումային առումով հետաքրքիր լինելու համար կարեւոր ցուցանիշներ են` աշխատունակ բնակչության, հատկապես մինչեւ 35 տարեկանների թիվն ու տեսակարար կշիռը, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների քանակական եւ որակական ցուցանիշները, ներդրումային բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, արտաքին աշխարհի հետ կապերը` մեր դեպքում` ինտերնետի եւ ավիասպասարկման որակը, տնտեսության դիրքը եւ զարգացման տեմպերը համաշխարհային կամ տարածաշրջանային առումով, գնահատականը արտաքին ներդրումային գրավչության միջազգային անվանակարգերում եւ այլն: Ես կարող եմ յուրաքանչյուր կետին առանձին-առանձին անդրադառնալ, սակայն ակնհայտորեն մենք որեւէ բաղադրիչում բարենպաստ վիճակ կամ իրական առաջընթաց չունենք:
Անկախ վերջին տարիներին իրականացվող մի շարք ծրագրերից, երկրում էլեկտրոնային հասարակության կամ էլեկտրոնային կառավարման ներդրմանն ուղղված ջանքերն ու ծրագրերը շարունակում են հիմնականում մնալ անկառավարելի, անորակ, կոռուպցիոն դրսեւորումներով լի, եւ դրա արդյունքում` անարդյունավետ: Հանրապետության ՏՀՏ (տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ) ոլորտում գործում են 300-ից ավելի ընկերություններ, սակայն պետական ծրագրերում կարողանում են ընդգրկվել միայն «ընտրյալները»: Անկախ բարձրագոչ հայտարարություններից, էլեկտրոնային ծառայությունները Հայաստանում գրեթե բացակայում են: Այս ամենի արդյունքում երկրում ՏՀՏ իրական պահանջարկի եւ առաջարկի դիֆիցիտ է ստեղծվում, իսկ տեղական ընկերություններին եւ մասնագետներին մղում ձախողման ու արտագաղթի: Մենք պետք է բարձ պահենք մեր երկրի հեղինակությունը, զարգացնենք մեր ռեսուրսները, սակայն իրականում ամեն հնարավոր մեթոդներով հակառակն ենք անում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ԻՏՁՄ վարչության անդամների հանդիպումից առաջ ի՞նչ սպասելիքներ ունեիք, եւ ինչպիսի՞ն է իրական պատկերն արդեն հանդիպման արդյունքներն ամփոփելուց հետո:
Նախագահի հետ հանդիպման նպատակը հենց առկա խնդիրների քննարկումն էր, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված մեր առաջարկությունների, այդ աշխատանքներում մեր մասնակցության պատրաստակամության ներկայացումը: Տեղի ունեցած գործնական եւ շահագրգիռ քննարկմանն իմ գնահատականը միանշանակ դրական է: Համոզված եմ` առաջիկա ամիսներին գործնական շարունակություն կլինի:
Առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում նախատեսում ենք մշակել եւ ՀՀ նախագահին ներկայացնել փաթեթ` բոլոր նշված խնդիրների լուծման վերաբերյալ մեր առաջարկություններով: Իսկ ամենակարեւորը գործն է, որ պետք է արվի, նաեւ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Այսուհանդերձ, այդ հանդիպման արդյունքում ի՞նչ կոնկրետ խնդիրներ են դրվել, մասնավորապես «Նորք» կենտրոնի առջեւ, եւ ի զորու՞ է «Նորքը» լուծել այդ խնդիրները:
Նախ մեր կազմակերպությունը ես համարում եմ ՏՀՏ համայնքի անբաժանելի մասը, իսկ մեր հաջողությունն ու անհաջողությունը` փոխկապակցված ոլորտում առկա իրավիճակի հետ: Այս առումով մենք պարտավոր ենք ամենաակտիվ մասնակցությունն ունենալ նշածս առաջարկությունների մշակմանն ու քննարկումներին, եւ հատկապես իրականացմանը:
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ եղավ կոնկրետ մեր գործունեությանն առնչվող խնդիրներին եւս, մասնավորապես կենսաթոշակային համակարգում առկա խնդիրներին եւ դրանց կարգավորման հնարավորություններին: Կենսաթոշակային համակարգի սպասարկումը համապատասխան որոշումներով դուրս է մնացել մեր վերահսկողությունից, իսկ դրա կարգավորմանն ուղղված մեր բոլոր ջանքերն արդյունք չեն ունեցել` մերժվել են կամ մնացել անարձագանք: Պարզվում է, որ տարիներ շարունակ մեր կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրվող ճշգրտման ցուցակների մեծ մասն ուղղակի չեն կիրառվել:
Այս ոլորտում իրականացված վերջին փոփոխությունների արդունքում հնարավորություն է ստեղծվել ուղղակիորեն ազդել համակարգի շահագործմանն ու իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ: Այժմ մեր առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկը կենսաթոշակային տեղեկատվական համակարգի կարգավորումն ու առկա խնդիրների վերացումն է, որի վերաբերյալ մենք հստակ պատկերացում եւ ծրագիր ունենք: