«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի». Նիկոլ Փաշինյան


«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի». Նիկոլ Փաշինյան

  • 18-04-2023 12:34:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ՝ առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»:
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Ըստ նրա՝ իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով:
 
«Այսուհանդերձ թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետությունը:
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվում կամ հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, և հնարավոր է ապացուցել:
 
«Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետը նկատեց, որ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ անդրադարձի չի եղել. «Խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարել ԼՂ ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play