Պատժամիջոցներ՝ հանուն աշխարհակարգի հիմքերի պահպանման. հարեւան երկիրը հետեւողականորեն հարվածում է գործող աշխարհակարգի հիմքերին


Պատժամիջոցներ՝ հանուն աշխարհակարգի հիմքերի պահպանման. հարեւան երկիրը հետեւողականորեն հարվածում է գործող աշխարհակարգի հիմքերին

  • 18-04-2023 16:00:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Տեղ գյուղի հարակից հատվածում ՀՀ ինքնիշխան տարածքում սարքավորված ադրբեջանական դիրքերի դիմաց վերջիններիս սադրանքով տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնական Բաքուն հաղորդագրություն տարածեց իր կորուստների փաստն անպատասխան չթողնելու մասին: ՀՀ զինուժն այդ օրը տվեց 4 զոհ, 6 վիրավոր, եւ, դատելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրների արձագանքից, վերջիններիս կորուստներն ավելի շատ են եղել: Սպասելի էր, որ Ադրբեջանը, օգտագործելով իր իսկ սադրած միջադեպի փաստը, ձգտելու է նոր լարվածություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
 
Հերթական սադրանքն իրեն սպասեցնել չտվեց, եւ ապրիլի 16-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ բացեցին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մինչ այդ էլ ՀՀ իշխանության բարձր օղակների ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին, որ ադրբեջանական կողմը հետեւողականորեն ցանկանում է լարել սահմանային իրավիճակը՝ այդ նպատակով համապատասխան զինուժ կուտակելով սահմանային հատվածներում: Բաքվի որդեգրած մարտավարության համաձայն՝ վերջինս սադրիչ գործողությունների պետք է դիմի, որպեսզի հայկական կողմին դրդի պատասխանի՝ հետագայում սեփական սադրանքը ՀՀ զինված ուժերին վերագրելու համար: Բաքուն նման քայլի գնաց՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու բացման օրը խախտելով, երբ նախատեսված ապրիլի 1-ից 2-3 օր առաջ իր դիրքերը տեղակայեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանից 1-3 կմ խորությամբ՝ Տեղ գյուղի հատվածում:
 
Վերջիններս ակնկալում էին, որ հայկական զինուժը կտրվի սադրանքի հրահրմանը եւ ուժ կգործադրի, սակայն ՀՀ ուժային կառույցների պատասխանատուները գնացին խնդիրները լուծելու բանակցությունների ճանապարհով: Չստանալով ակնկալվող արդյունքները՝ Ադրբեջանը դիմեց ռազմական սադրանքի, որի ժամանակ հայկական կողմը տվեց զոհեր, եւ տրամաբանական էր, որ այդ դեպքում պատասխանը հետեւելու էր, ինչը եւ արվեց համարժեք ձեւով: Հետեւողաբար լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը ցանկանում է կեղծ ֆոն ստեղծել, թե իբր հայկական կողմն է սադրանքների գնում: Թերեւս, Ադրբեջանը մոռանում է, որ Հայաստանում է ԵՄ 200 հոգանոց դիտորդական առաքելությունը, եւ վերջիններս արձանագրում են հրադադարի խախտման դեպքերը, նրանց ունեցած տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս որոշելու, թե որ կողմն է խախտում հրադադարը:
 
Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը կրկին շարունակում է իր հին՝ կեղծիքի մարտավարությունը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ վերջինս պարզապես հաշվի չի առնում միջազգային դիտորդների ներկայությունը, ասել է թե՝ միջազգային հանրության կարծիքը: Այդ մասին բաց տեքստով հայտարարել է նաեւ Բաքվի առաջնորդը, երբ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայտարարեց, թե ինքը հաշվի չի առնում տարբեր կենտրոններից ագրեսիայի չդիմելու վերաբերյալ իրեն արված զանգերը, եւ իրենք կգործեն այնպես, ինչպես իրենց է պետք:
 
Ադրբեջանն իր այս ագրեսիաներով ոչ միայն հետեւողականորեն ապակայունացնում է տարածաշրջանը, այլեւ լուրջ մարտահրավեր նետում միջազգային հանրությանը՝ փաստացի ասելով, որ հաշվի չի առնում նրա հորդորները եւ «թքած» ունի միջազգային իրավահարաբերությունների հիմնարար նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների վրա: Միջազգային իրավունքի կենտրոններից Բաքվի այս պահվածքին ոչ համարժեք պատասխանն առաջին հերթին հարվածում է աշխարհակարգի հիմքերին, նրա առաջնային արժեքներին, դրա դառը պտուղները վաղը ճաշակելու է ողջ աշխարհը: Նման գործողությունների անպատժելիությունը շոշափուկներ է տարածելու Երկիր մոլորակի տարբեր հատվածներում, իսկ դրա թիվ 1 մեղավորը լինելու են աշխարհակարգի պահպանման առաքելություն ունեցող կառույցները:
 
Այդպիսի չափազանց վտանգավոր զարգացումներ թույլ չտալու համար Ադրբեջանի յուրաքանչյուր նման քայլին պետք է հետեւեն ցավոտ պատժամիջոցները: Միայն աշխարհի գործուն արձագանքը Ադրբեջանի ղեկավարությանը կստիպի վերադառնալ կառուցողական դաշտ՝ տարածաշրջանն ու աշխարհն էլ զերծ պահելով նոր հակամարտություններից:
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը