Ալիևը պնդում է, թե դրոշի միջադեպի հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները


Ալիևը պնդում է, թե դրոշի միջադեպի հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները

  • 19-04-2023 10:52:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանը իր երկրի դրոշի այրման հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները:
 
«Ես կարծում եմ, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշի այրումը Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ արարքն է։ Ես դա ընդունում եմ այդպես: Սա պատահականություն չէ և մեկ մարդու գործ չէ։ Սա Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ գործողությունն է: Շատ պատճառներ կան դա ասելու համար», - երեկ հայտարարել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ նման իրադարձություն է տեղի ունենում, և նրանց կողմից արձագանք չկա, ապա «արարքի հեղինակն իշխանությունն է և ինքը՝ պետությունը»։
 
Ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետևանքով այդ երկրի հավաքականը լքեց առաջնությունը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզական էթիկայի տեսանկյունից մտահոգիչ որակեց Բաքվի որոշումը՝ ընդգծելով, որ «միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ»:
 
Այդուհանդերձ, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան խստորեն դատապարտեց Երևանում տեղի ունեցածը՝ հայտարարելով Ադրբեջանի պատվիրակության հետ լիակատար համերաշխության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play