Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ ԱՄՆ Կոնգրեսում


Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ ԱՄՆ Կոնգրեսում

  • 25-04-2023 11:02:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ:
 
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
 
Նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան:
 
Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:
 
Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների:
 
Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների:
 
Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը:
 
ԱՄՆ իշխող կուսակցությունից ևս երկու կոնգրեսականների՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի և Ջոշ Գոթհայմերի հետ միասին ներկայացնելով նախագիծը՝ Ադամ Շիֆն ընդգծել է, որ դա հատուկ անում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչը անչափ կարևոր է:
 
«Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը, և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը», - հայտարարել է Ադամ Շիֆը՝ շեշտելով, որ դա չանելը կքաջալերի «Ալիևին հայ ժողովրդին ոչնչացնելու իր ջանքերում»:
 
Արման Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play