Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայությանը վերացնելուն նպատակաուղղված քայլեր են. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը


Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայությանը վերացնելուն նպատակաուղղված քայլեր են. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը

  • 25-04-2023 11:16:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of international peace and security: Effective multilateralism through the defense of the principles of the UN Charter) թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ։
 
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, իր ելույթում անդրադառնալով հայ ժողովրդի համար ապրիլի 24-ի խորհրդին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը վկայում է նաև, որ ամուր բազմակողմ կառույցների բացակայության և միջազգային կանոնակարգի ճգնաժամի պայմաններում կարող են տեղի ունենալ ամենասարսափելի ոճրագործությունները։
 
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները և միջազգային իրավունքի ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած, Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը։
 
Նշվել է, որ Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը ոչ միայն չի վերականգնվում արդեն չորս ամիս, այլ նաև ապրիլի 23-ից Ադրբեջանը տեղադրել է անցակետ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կոպիտ խախտումով։
 
Նշելով, որ ՄԱԿ-ի կառույցները, այդ թվում` Անվտանգության խորհուրդը, քանիցս զգուշացվել են, որ Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի, դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։
 
Ընդգծվել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն նպատակուղղված քայլեր են։
 
ՀՀ մշտական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ էթնիկ ու ազգային հողի վրա իրականացվող Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և նման հանցագործություններ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության միջոցով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play