Հիմա պատասխան կրակ ենք բացում. Քոչարյանը` ադրբեջանական սադրանքների մասին


Հիմա պատասխան կրակ ենք բացում. Քոչարյանը` ադրբեջանական սադրանքների մասին

  • 25-04-2023 14:12:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անհրաժեշտ է կառուցողական լինել և համախմբվել բանակի շուրջ։
 
Եթե ադրբեջանական կողմը կրակ է բացում, հայկական կողմն էլ է պատասխան կրակ բացում, որն առաջ չկար։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։
 
«Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք՝ էն, ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Էսօր եթե իրենք կրակում են, տեսնում եք՝ կրակում ենք։ Եթե մենք առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չի։ Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ, և եթե անում ենք ռեֆորմներ, դա օր առաջ դառնա իրականություն։ Դա նշանակում է՝ կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն», -ասաց Քոչարյանը։
 
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՊՆ–ն հայտնել էր` ժամը 11:50-ի սահմաններում Սոթքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:
 
Ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ շրջանում։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։
 
Վերջին խոշոր միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Տեղ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժի կրակոցներին ի պատասխան հայկական կողմը պատասխան կրակ էր բացել, կիրառվել էին նաև ականանետեր։ Հայկական կողմից զոհվեց 4, վիրավորվեց 6 զինծառայող։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play