Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մի շարք նախագծերում


Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մի շարք նախագծերում

  • 25-04-2023 15:39:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
 
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
 
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ օրենսդիրները հոտնկայս հարգել են նաեւ երկու օր առաջ թշնամու դավադիր գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված, ինչպես նաեւ բանակում զոհված քաջորդիների հիշատակը:
 
ԱԺ որոշմամբ օրակարգում ընդգրկված ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:
 
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ առաջարկվում է փաթեթի գործողության ժամկետը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը: Հետաձգման պատճառն այն է, որ փաթեթի հետ կապված անհրաժեշտ է ընդունել մոտ 30 ենթաօրենսդրական ակտ, որոնք կապահովեն վերոնշյալ օրենքների անխափան կիրարկումը: Փոխնախարարի խոսքով մինչեւ նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում օրենքին:
 
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է հրաձգարանների գործունեությանն առնչվող փոփոխություններով: «Արդյոք դրանք կազդե՞ն քաղաքացիական կամ մասնավոր հրաձգարաններ հիմնելու գործընթացի վրա»,- հարցրել է նա: Ի պատասխան` Արփինե Սարգսյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխություններով բացվում է այդ դաշտը, եւ համապատասխան չափանիշների պահպանման դեպքում մասնավոր հատվածը նույնպես կկարողանա օգտվել այդ հնարավորությունից: Արձագանքելով` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարձրակարգ եւ միջազգային չափանիշներին համապատասխան հրաձգարաններ ունենալը:
 
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Արփինե Սարգսյանից հետաքրքրվել է, թե ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումից հետո արդյոք եղե՞լ է իրավասու մարմնի որոշում, որով սահմանվել են ժամկետներ ենթաօրենսդրական ակտերի մշակման, պատասխանատու մարմինների առումով: «Խախտում եղե՞լ է ժամանակացույցի եւ այդ մարմինների կողմից կարգապահական առումով»,- հարցրել է պատգամավորը: Փոխնախարարը հայտնել է, որ ժամանակացույցի առումով ձգձգումները պայմանավորված են եղել Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ, մասնավորապես, ՆԳ նախարարության ձեւավորմամբ:
 
Ելույթ ունենալով` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը եղել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հեղինակներից, հայտնել է, որ նախագիծը քննարկվել է շուրջ 11 ամիս, նախնական տարբերակում առաջարկվել է օրենքի ուժի մեջ մտնելը սահմանել 2023 թվականի հունվարի 1-ը, սակայն նախարարության հետ քննարկելուց հետո` նրանց խնդրանքով հետաձգվել է մինչեւ ապրիլի 28-ը: «Արդյոք որքանո՞վ ենք ապահովագրված այն ռիսկից, որ եթե վաղը կառուցվածքային փոփոխություններ չլինեն, եւս մեկ անգամ չենք գալու ժամկետի հետաձգման հարցով»,- հարցրել է նա: Անդրադառնալով ենթաօրենսդրական ակտերի` ժամանակին ընդունված չլինելու հանգամանքին, պատգամավորը նշել է, որ այստեղ եւս խնդիր կա: «Պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»,- ընդգծել է նա:
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոխնախարարից հետաքրքրվել է վերջերս երեւանյան ակումբներից մեկում ոստիկանության իրականացրած գործողություններով: «Որքանով հասկանում ենք` դրանք իրականացվել են թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակում: Քննարկման ենթակա չէ այն փաստը, որ հանցավորության դեմ պայքարը կոշտ բնույթ պետք է կրի, բայց դա չպետք է ուղեկցվի բռնությամբ: Սոցցանցերում տարածվել են լուսանկարներ եւ տեսանյութեր, եւ աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ ենթադրյալ բռնության մասին: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ վկայությունների մասին, եւ որքա՞ն օրինաչափ են եղել ոստիկանության այդ գործողությունները»,- հարցրել է նա:
 
Փոխնախարարը տեղեկացրել է, որ հատկապես 2023 թվականը, ըստ էության, թմրամոլության դեմ պայքարի տարի է եւ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն այդ պայքարում ներգրավված են: «Ակումբները եւս բացառություն չեն, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է: Արդեն իսկ տարբեր ակումբների վերաբերյալ դրվագներ ունենք: Ուստի սա անսովոր չպետք է լինի` հաշվի առնելով մեր քաղաքականությունը»,- ասել է նա եւ հավելել. «Եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին չեմ կարող ասել` բռնություն իրականում եղե՞լ է, թե ոչ, բայց առերեւույթ զոհերից ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ: Եվ քննչական մարմիններն ու ոստիկանությունն արձագանքում են»: Արձագանքելով` Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ հարցում կուղարկի` պարզելու, եղե՞լ է արդյոք բռնություն, թե` ոչ:
 
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են թմրամիջոցների դեմ պայքարին:
 
Մասնավորապես, նշվել է, որ իրականացվող պայքարը համարժեք չէ ստեղծված ծանր իրավիճակին: Կարծիք է հնչել, որ թմրամոլությունը մեծ տարածում է գտել նաեւ դեռահասների շրջանում, եւ այն այսօր լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը: Ընդգծվել է, որ սինթետիկ թմրամիջոցների նույնիսկ 2-3 անգամ օգտագործումն այնպիսի օրգանական փոփոխություններ է առաջացնում մարդու օրգանիզմում, որ այլեւս հնարավոր չէ վերադառնալ մարդկային կյանքի:
 
Եղել են որոշ առաջարկներ` ուղղված թմրամոլության դեմ պայքարի ուժեղացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play