Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի նաև խաղաղության պայմանագիրը. Մարուքյան


Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի նաև խաղաղության պայմանագիրը. Մարուքյան

  • 25-04-2023 18:45:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Այս կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ երկրները։
 
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս բոլոր 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղ պայմանագիր կնքել։
 
«Այստեղ մի կարևոր հարց է առաջանում. եթե Ադրբեջանը մշտապես խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ չի խախտի ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Արդյո՞ք միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը»,- հարց է ուղղել Մարուքյանը։
 
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։
 
Արձագանքելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից՝ ողջ անվտանգության գոտուց:
 
Իսկ ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play