Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները


Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները

  • 26-04-2023 14:01:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտադրելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
 
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
 
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում։
 
Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
 
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
 
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play