Լաչինի մինջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի փակված անցակետում երկրի դրոշն է տեղադրվել


Լաչինի մինջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի փակված անցակետում երկրի դրոշն է տեղադրվել

  • 26-04-2023 16:00:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լաչինի նոր ճանապարհի մուտքի մոտ՝ Ադրբեջանի կողմից անօրինական տեղադրված անցակետում, տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին զեկույց է տրվել նախագահ Իլհամ Ալիևին։
 
Դրոշի բարձրացումը տեղի է ունեցել պետական արարողակարգով, հատուկ զինվորական ուղեկցությամբ:
 
Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։
 
Արձագանքելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից՝ ողջ անվտանգության գոտուց:
 
Իսկ ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում:
 
Նշենք, որ սույն հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play