Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Փաշինյան


Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր. Փաշինյան

  • 27-04-2023 13:41:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանը պարտք-ՀՆԱ հարաբերակցության շուրջ 46 տոկոս ցուցանիշով համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի քննարկմանը:
 
Վարչապետը նկատեց՝ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինն ավելացել է, արտարժույթով պարտքինը՝ նվազել: «Սա նշանակում է, որ մեր պետական պարտքը փոխարժեքային ռիսկերի նկատմամբ ավելի դիմակայուն է դարձել այս գործընթացի շրջանակներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ համաձայնեց վարչապետի հետ՝ հավելելով, որ դա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը: «Մենք պարտքի ընդհանուր կառուցվածքում դրամային պարտքի մասնաբաժինն ավելացրել ենք մոտ մինչև 40 տոկոս: Դրանից առաջ եղել է մոտ 30 տոկոս»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը նկատեց՝ 10 տոկոսից ավելի ավելացել է դրամային չափաբաժինը: Նախարարը դա մասամբ պայմանավորեց նաև դրամի արժևորմամբ: Պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազումը մի մասով պայմանավորված է դրամի արժևորմամբ, քանի որ պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասով պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից, բյուջեի պակասուրդի՝ ծրագրվածի համեմատ ավելի ցածր լինելը ևս ունեցել է իր ազդեցությունը։
 
Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ մարդիկ ասում են, որ կառավարությունը 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունի: «Սակայն մենք մեր քաղաքացիներին պետք է ի ցույց դնենք, որ ՀՆԱ-ի նկատմամբ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, Հայաստանը 46 տոկոսով համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր: Երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցողների: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին դասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»,-ասաց Փաշինյանը:
 
ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի կշիռն էականորեն նվազեցնելով՝ երկիրը դիմակայունության մեծ պաշար է կուտակել: «Եթե կառավարությունն այդ դիրքորոշմանը գա, կարող ենք նոր գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար»,-ասաց Փաշինյանը:
 
Նա կարևորեց պարտքը կապիտալ ներդրումներ իրականացնելու համար օգտագործելը:
 
Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2022-ին էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն․ այն 2021-ի համեմատ նվազել է 13.6 տոկոսային կետով: Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play