Իրանը Գերմանիային մեղադրել է ահաբեկիչներին օգնելու մեջ


Իրանը Գերմանիային մեղադրել է ահաբեկիչներին օգնելու մեջ

  • 27-04-2023 15:14:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Գերմանիան նպաստում է ահաբեկչության տարածմանը` Իրանի իշխանություններին կոչ անելով չեղյալ հայտարարել Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Ջամշիդ Շարմահդի մահապատիժը, որն իրանական հակակառավարական «Թոնդար» խմբավորման պարագլուխներից մեկն է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
 
«(Գերմանիայի) նման դիրքորոշումը նպատակ է հետապնդում  փորձել խոչընդոտել արդարադատությանն Իրանում, բայց նաև իրենից ներկայացնում է մեղսակցություն ահաբեկչությանը և օժանդակություն դրա տարածմանն ամբողջ աշխարհում», - նշված է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
 
Քանաանիի խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունն այլոց թույլտվությունը չի խնդրի ահաբեկչության դեմ պայքարի համար», իսկ Գերմանիայի իշխանությունների գործողությունները «միջամտություն են երկրի ներքին գործերին»։
 
Ապրիլի 26-ին Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Շարմահդի մահապատիժը: Կայացված դատավճիռը վերջնական է: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են այդ որոշումը։
 
Փետրվարի 21-ին Թեհրանի հեղափոխական դատարանը Շարմահդին դատապարտել էր մահապատժի։ Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ։ «Թոնդար» խմբավորումը հանդես է գալիս Իրանում միապետական ​​կառավարում հաստատելու օգտին և, ըստ իրանական կողմի վարկածի, գործում է ԱՄՆ-ի աջակցությամբ։ Այս խմբավորումն է 2008 թվականին կազմակերպել Շիրազի մզկիթներից մեկում պայթյունը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, մոտ 200 մարդ վիրավորվել էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play