Ադրբեջանցի կեղծ բնապահպանները կդադարեցնեն «բողոքի ցույց»-ն ու երեկոյան կազատեն Լաչինի ճանապարհը


Ադրբեջանցի կեղծ բնապահպանները կդադարեցնեն «բողոքի ցույց»-ն ու երեկոյան կազատեն Լաչինի ճանապարհը

  • 28-04-2023 18:45:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանցի էկոակտիվիստները այսօր երեկոյան կդադարեցնեն շինծու բողոքի ցույցը, որի պատճառով նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակ են պահում Ղարաբաղի տանող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
 
Ակցիան դադարեցնելու և դրա անցկացման վայրից հեռանալու մասին հայտնում է AZERTAC պետական լրատվական գործակալությունը։
 
Նշվում է, որ որոշումն ընդունվել է մի խումբ ցուցարարների հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ովքեր առաջարկել են դադարեցնել բողոքի ակցիաները՝ կապված Լաչինում անցակետի տեղադրումից հետո նոր իրավիճակի ստեղծման հետ:
 
«Հաշվի առնելով մեր պահանջների մասնակի կատարումը, ինչպես նաև պետության ներկայացուցիչների բազմաթիվ կոչերը՝ մենք՝ էկոակտիվիստներս և երիտասարդ կամավորները, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան ապրիլի 28-ից՝ ժամը 18:00-ից»,- ասված է ակցիայի մասնակիցների տարածած հայտարարության մեջ:
 
Հիշեցնենք՝ ադրբեջանական կեղծ բնապահպանական ակցիաների պատճառով արդեն 5 ամիս է՝ փակ է Ղարաբաղն ու Հայաստանը կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բազմաթիվ փաստերով քանիցս ապացուցվել է, որ Ադրբեջանը ոչ թե Ղարաբաղում գործող հանքերում առկա խնդիրների դեմ է պայքարում, ինչպես հայտարարվել է, այլ ընդամենը փակ է պահում ճանապարհը, քանի որ Արցախում գործող բոլոր հանքերն աշխատում են սահմանված չափանիշներին համապատասխան:
 
Փակ ճանապարհի պատճառով ամիսներ շարունակ Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, զրկված են տեղաշարժի ազատությունից, Արցախ սնունդ ու դեղորայք հասցնելը մեծ խնդիրներով է ուղեկցվում: Արցախում տևական ժամանակ սննդի որոշ տեսակների, բանջարեղենի ու մրգերի, մանկական կերերի ու դեղորայքի դեֆիցիտ է:
 
Բացի այդ՝ օրերս Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։
 
Սույն հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play