Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» կոչ է արել կողմնակիցներին աջակցել ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին՝ ընդդեմ Էրդողանի


Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» կոչ է արել կողմնակիցներին աջակցել ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին՝ ընդդեմ Էրդողանի

  • 28-04-2023 20:16:37   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցությունը կոչ է արել իր կողմնակիցներին աջակցել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին գրել է Politico-ն։
 
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ուրբաթ օրը կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդի օգտին հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում, որոնք, ըստ ամենայնի, ամենաթեժ մրցավազքն են լինելու Էրդողանի 20-ամյա կառավարման ընթացքում։
 
Այս կուսակցության անդամ է նաև հայազգի Կարո Փայլանը։
 
«Թուրքիայի քաղաքականության այս բեկումնային փուլում մենք համախմբվել ենք՝ կատարելու մեր պատմական պարտքը՝ ինչպես մեր ավանդույթի, այնպես էլ ապագա սերունդների հանդեպ մեր պարտքի մաս՝ մայիսի 14-ին կայանալիք պատմական ընտրություններից» առաջ,- ասվում է HDP-ի հայտարարության մեջ։
 
«Այս համատեքստում մենք հանրության հետ կիսում ենք նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցելու մեր որոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Քուրդ բնակչության ձայնը, որը կազմում է Թուրքիայի 85 միլիոն բնակչության մոտ մեկ հինգերորդը, որոշիչ գործոն է լինելու նախագահական մրցավազքի համար, քանի որ Քըլըչդարօղլուն և Էրդողանը գրեթե հավասար տոլոսներով գնում են ընտրությունների, որը ցույց են տալիս POLITICO-ի հարցումները։
 
Պարբերականի հրապարակած հարցումների առաջին փուլում Էրդողանն ունի՝ 45%, Քըլըչդարօղլուն՝ 47% աջակցություն, իսկ 2-րդ փուլով՝ երկուսն էլ՝ 49%։
 
Ձախակողմյան HDP կուսակցությունը ամենամեծ քրդամետ քաղաքական ուժն է, որը ներկայացնում է քրդերի ձայների մոտ երկու երրորդը, վերջերս POLITICO-ին ասել է կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, որն այժմ բանտարկված է ահաբեկչության մեղադրանքով:
 
Թուրքիայում նախատեսվում է նախագահական ընտրություններն անցկացնել 2023 թվականի մայիսի 14-ին՝ որպես 2023 թվականի համընդհանուր ընտրությունների մաս՝ խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ։ Հիմնական մրցակիցներն են՝ Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահ, Ժողովրդական դաշինքի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, Ազգային դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play