ՀՀ-ում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ. նախագիծը հաստատվեց


ՀՀ-ում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ. նախագիծը հաստատվեց

  • 04-05-2023 13:01:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կառավարության՝ մայիսի 4-ի նիստին հավանության արժանացավ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչի շնորհիվ վերջիններս հնարավորություն կստանան ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու:
 
Ներկայումս բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են բժշկական հաստատությունները:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքը կարևոր է, քանի որ լիցենզիան այն փաստաթուղթն է, որով իրացվում է բժշկի՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:
 
«Մենք չունենք լիցենզավորման համակարգ, և այլ երկրներում բժշկի լիցենզիա չունենալը դիտարկվում է տարօրինակ երևույթ: Իհարկե, մենք հավաստում ենք նրա կրթության վկայագիրը՝ դիպլոմը, բայց լիցենզիան այն փաստաթուղթն է, որը ճանաչում է բժշկի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
 
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց՝ նախաձեռնությունը լավն է, բայց ապագայում առողջապահական ծառայությունների մատուցումը համացանցով շատ տարածված է լինելու, և արդեն իսկ պետք է մտածել՝ ինչպես կարգավորել դաշտը:
 
«Ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք, այսինքն՝ լիցենզավորենք, բայց պարզվի, որ ծառայություն հնարավոր է մատուցել առանց լիցենզիայի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բուժօգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն տալ պացիենտին՝ իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի թույլ տված սխալի դեպքում սահմանափակել նրա գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play