Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար


Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար

  • 15-05-2023 12:48:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից։
 
Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը։
 
Միշելն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը։
 
Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին` արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։
 
«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է մեր մի շարք գործընկերների կողմից, մասնավորապես` ԵՄ–ի և ԱՄՆ–ի։ Իհարկե, ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,– ասաց փոխարտգործնախարարը։
 
Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր նաև, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում, իսկ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։ Շառլ Միշելը երեկ նաև շեշտել էր, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
 
Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի և Միշելի բանակցությունները կայացել են Բրյուսելում մայիսի 14-ին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play