Արցախը մերն է, քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է այնտեղ. Անդրանիկ Քոչարյան


Արցախը մերն է, քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է այնտեղ. Անդրանիկ Քոչարյան

  • 15-05-2023 15:29:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Անդրանիկ Քոչարյանը Արցախը համարում է աշխարհի ամենաանկախ պետությունը, նրա կարծիքով` այդպես է լինելու մոտակա 3-4 տարին։
 
Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ նույնն է անում, բայց Արցախն ունի իր սեփական տարածքն ու կարգավիճակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ազգայի ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը։
 
Միշելը երեկ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է. խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
 
«Արցախը գտնվում է իր տեղում, այնտեղ, որտեղ եղել է։ Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ նույնն է անում, բայց Արցախն ունի իր սեփական տարածքն ու կարգավիճակը։ Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին, իսկ հետո կտեսնենք»,– նշեց Քոչարյանը։
 
Նա շեշտեց` այն, ինչ մերն է (Հայաստանինը. խմբ.), ուրեմն մերն է։ Հարցին` արդյոք Արցախը մերն է, Քոչարյանը պատասխանեց` այնտեղ ապրում է մեր բնակչության զգալի մասը` 120.000 հայորդի։
 
«Արցախը մերն է, քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է այնտեղ, երբ չապրի, այդ ժամանակ դժվար է ասել։ Այսօր պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ` իրենցը, բայց այնտեղ գտնվում է նաև Լեռնային Ղարաբաղը, որն իր կյանքը կառուցել է` ելնելով իր հռչակած չափորոշիչներից։ Այժմ բանակցություններ են ընթանում»,– ընդգծեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
 
Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի և Միշելի բանակցությունները կայացել են Բրյուսելում մայիսի 14-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play