Բրյուսելից նոր բան չհայտնեցին. հայ ժողովուրդը եղել եւ մնում է արցախահայության անվտանգության երաշխավորը


Բրյուսելից նոր բան չհայտնեցին. հայ ժողովուրդը եղել եւ մնում է արցախահայության անվտանգության երաշխավորը

  • 16-05-2023 12:06:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Նախորդ դարի 90-ականներին Հայաստանից ու սփյուռքից հայ ժողովրդի ընտրյալները եւ բարեկամ ժողովուրդների զավակները կանգնեցին արցախցիների կողքին, երբ ժամանակի գործող իրավական ակտերի դրույթների համաձայն ինքնորոշման իրավունքի իրացման ակտին Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով ու էթնիկ զտման գործողություններով: Արցախյան առաջին ազատամարտը հաղթանակով ավարտելուց հետո էլ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ ակնկալելով, որ բանակցությունների միջոցով հիմնախնդրին լուծում կտրվի: Ադրբեջանը 2016 թ. ձախողված փորձից հետո գնաց 2020-ի աննախադեպ ագրեսիային եւ կրկնեց 1990-ականների սկզբի իրավիճակը՝ կրկին օկուպացնելով ԼՂ-ի տարածքի մեծ մասը:
 
Բազմիցս է նշվել, որ պատերազմներով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խնդիրը չի լուծվում, հետեւաբար՝ լիովին տրամաբանական էր, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո արցախյան հիմնահարցն ավելի խորացրեց եւ կարգավորումն ավելի բարդացրեց: 30 տարի Բաքուն միջազգային տարբեր ատյաններում հայտարարում էր, թե Արցախը տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայկական կողմը շեշտում էր, թե այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է, եւ որ հայ ժողովուրդը բազմամիլիոնանոց բնակչությամբ Ադրբեջանի պարտադրած պատերազմում էր կանգնել 170 հազար արցախցիների կողքին:
 
ՀՀ-ից բոլոր ժամանակներում մշտապես հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եւ նշել, որ Ադրբեջանից շուտ Արցախն է օրինական կամարտահայտմամբ հռչակել իր անկախությունը: Հանգստյան օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար: Նորությունը, թերեւս, միայն այն էր, որ առաջիկա շաբաթներին Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներն ազատ են արձակվելու, բայց, աչքի առաջ ունենալով Բաքվի գոծելաոճը, այդ հարցում սպասումները խիստ անորոշ են: Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ հաջորդ պարբերությունում արձանագրվում է, որ քննարկվել են արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ: Սա նշանակում է, որ միջազգային ձեւաչափով եւ սկզբունքներով պետք է քննարկվեն արցախյան հակամարտության միակ պատճառի՝ արցախցիների իրավունքների, առաջին հերթին՝ ժողովրդավարական հանրաքվեով կայացրած ինքնորոշման իրավունքի հարցերը: Ադրբեջանը պարտավորվել է թափանցիկ բանակցություններ վարել Արցախի ժողովրդի հետ, ինչն առաջին հերթին նշանակում է ժողովուրդների բոլոր իրավունքների դիտարկում: Ինչպես առաջին արցախյան ազատամարտից, այնպես էլ երկրորդից եւ երրորդից հետո էլ ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի նպատակներում եւ գործողություններում: Աներկբա է, որ եթե արցախահայությանը նորից ցեղասպանության վտանգ սպառնա, կրկին ողջ հայ ժողովուրդը կանգնելու է նրա կողքին:
 
Հազարավոր ընտրյալների ինքնազոհությունն էլ այլընտրանքի տեղ չի թողնում, բայց աշխարհում կա իրավական դաշտ արցախյան հիմնահարցերի նման խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար: Ինքնորոշման համար պայքարող Արցախի ժողովուրդն իր խոսքը բազմիցս ասել եւ գործով էլ ամրագրել է, այսօր այն բանակցությունների սեղանի շուրջ պաշտպանելու ժամանակն է, որը լավագույնս կարող է անել միայն արցախցին: Հայաստանն էլ ինքնորոշման իրավունքի համար բանակցային գործընթացում մշտապես լինելու է արցախցու կողքին՝ աշխարհին հասցնելով նրա խոսքը եւ միջազգային կառույցների մշտական ուշադրության ներքո պահելով հիմնահարցը:
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play