Մայիսի 28-ը դառնալու է Թուրքիայի 100-ամյակի ավետաբերը. Էրդողան


Մայիսի 28-ը դառնալու է Թուրքիայի 100-ամյակի ավետաբերը. Էրդողան

  • 16-05-2023 15:41:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մայիսի 28-ի ընտրությունները Թուրքիայի համար նոր դարի սկիզբ են նշանավորելու։
 
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած արդյունքներին և մայիսի 28-ին սպասվելիք ընտրությունների երկրորդ փուլին։
 
««Հանրապետական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրությունների առաջին փուլը։ «Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների առաջ: Թուրքիան մեզնից գործողություններ է ակնկալում: Երկրաշարժից տուժածներն ակնկալում են, որ մենք շուտով կամոքենք իրենց վերքերը»,- գրել է նա՝ հավելելով, որ մայիսի 14-ին ձեռք բերված հաջողությունը պետք է պսակվի ավելի մեծ հաղթանակով, որը մայիսի 28-ն իրենք դարձնելու են «Թուրքիայի 100-ամյակի» ավետաբերը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի օրը Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում քվեատուփերի 100%-ը բացելուց և հաշվարկելուց հետո, պարզ էր դարձել, որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոս+ 1 ձայն անցողիկ շեմը: 
 
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել էր ընտրողների 45%-ի աջակցությունը։
 
Ինչպես հայտնել ենք՝ նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում էր հանրապետության ներկայիս ղեկավարի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։
 
Ընտրություններին մասնակցում էր նաև 55-ամյա Սինան Օգանը ընդդիմադիր «Աթա» կոալիցիայից (Աթաթուրքի կոալիցիա)։
 
Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր իր թեկնածությունից հրաժարվելու մասին:
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել թուրք ժողովրդի ընտրությունը հօգուտ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play