ՄԵԽԻԿՈ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի խորհրդարանը
համաձայնել է վերադառնալ որոշ առանձնապես ծանր
հանցագործությունների համար որպես պատիժ մահապատժի սահմանման
հարցին: Այս նախաձեռնությունը պայմանավորված է երկրում
սպանությունների եւ առեւանգումների թվաքանակի կտրուկ մեծացմամբ,
որոնցից շատերը կապված են թմրադեղերի վաճառքի եւ կազմակերպված
հանցավորության հետ: Մահապատժի պրակտիկային վերադառնալու
նախաձեռնությամբ հանդես է եկել Մեքսիկայի «կանաչների»
կուսակցությունը:
Մեքսիկայում առավելագույն պատժաչափից հրաժարվել են 2005
թվականին, սակայն վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս,
որ երկրի բնակչության 70 տոկոսը հավանություն է տալիս մահապատժի
կիրառման գաղափարին:
Մեքսիկան երկար տարիներ շարունակ եղել է առավելագույն
պատժաչափի վերացման համար ծավալված միջազգային շարժման
առաջատարներից մեկը: 1961 թվականից այնտեղ ի կատար չի ածվել ոչ մի
մահվան դատավճիռ: