Ինձ այդպես էլ դեռ չի հաջողվել այցելել Ղարաբաղ. Միյատովիչը մտահոգ է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով


Ինձ այդպես էլ դեռ չի հաջողվել այցելել Ղարաբաղ. Միյատովիչը մտահոգ է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով

  • 17-05-2023 14:05:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության կապակցությամբ։ Նա անընդունելի է համարել լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները։
 
Դունյա Միյատովիչը, նախկինում լինելով մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը, մեկ անգամ չէ, որ այցելել է Ադրբեջան։ Միյատովիչը նշել է, որ այդ ժամանակից ի վեր երկրում խոսքի և լրատվամիջոցների ազատության հարցում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ԶԼՄ-ների մասին նոր օրենքը մտցնում է ավելի շատ գրաքննություն և սահմանափակումներ։
 
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի և հավաքների ազատության հարցերին՝ Միյատովիչը նշել է. «Ես բազմիցս իմ մտահոգությունները շատ բացահայտ արտահայտել եմ Ադրբեջանի կառավարությանը՝ հուսալով, որ ինչ-որ լուծումներ կլինեն։ Ցավոք, դա տեղի չունեցավ»:
 
«Մյուս հարցը, որին ես ուշադիր հետևում եմ, 2020 թվականին ստորագրված եռակողմ հռչակագիրն է։ Այդ ժամանակ ես անմիջապես կապ հաստատեցի Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու մարդու իրավունքների հարցերում։
 
Այդ ժամանակվանից ես շատ եմ աշխատել Ղարաբաղ այցելելու համար։ Ես առաջարկել եմ հրավիրել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը և նույնիսկ միասին գնալ։ Ես գիտեմ, որ դա շատ զգայուն հարց է քաղաքական տեսանկյունից, ես ճանաչում եմ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ես միշտ խոսել եմ այդ մասին։ Չնայած դրան, իմ ուղևորությունը առայժմ չի հաջողվել»,- ասել է նա։ 
 
«Ես կառավարության կողմից չեմ տեսնում իրական քաղաքական կամք՝ երկրում բարելավելու համար լրատվամիջոցների ազատության վիճակը։ Անհնար է Ադրբեջանում խոսել լրատվամիջոցների ազատության մասին՝ չշոշափելով հավաքների ազատության հարցը։ Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ իրենց ձայնը բարձրացնելու ցանկացած հարցի շուրջ, այդ թվում՝ կանանց իրավունքների կամ ընտանեկան բռնության, դա խնդիրներ է ստեղծում և գրավում համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը»,- ասել է հանձնակատարը: 
 
«Ես գիտեմ, որ Ադրբեջանի կառավարությունը շատ է մտահոգվում իր իմիջի մասին։ Բայց եթե դուք մարդկանց բանտարկում եք իրենց կարծիքն արտահայտելու համար, դա միայն վատացնում է իմիջը: Եթե կառավարությունը ցանկանում է լինել միջազգային հանրության մաս, ապա պետք է գնահատի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա այն է, ինչ ես ակնկալում եմ Ադրբեջանից»,- եզրափակել է Դունյա Միյատովիչը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play