Ինչ են քննարկել. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց բրյուսելյան բանակցություններից


Ինչ են քննարկել. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց բրյուսելյան բանակցություններից

  • 18-05-2023 15:33:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Բրյուսելում վերջերս Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը՝ հայտնելով մանրամասներ, թե ինչ հարցեր են քննարկել:
 
«Ինչպես հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի տեղի ունեցած միջնորդությամբ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը։ Նաև հաստատել էինք, որ սա հիմք է՝ սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար։
 
Մայիսի 14-ին մենք կատարեցինք մի քայլ, և ինչպես նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով՝ նույնպես»,- ներկայացրեց ՀՀ կառավարության ղեկավարը:
 
Ըստ վարչապետի՝ հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնությունը։
 
Նիկոլ Փաշինյանը նաև հայտեց, որ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով:
 
«Բայց հաշվի առնելով նախկին փորձը՝ այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Միայն կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի՝ կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- շեշտեց նա:
 
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, Փաշինյանն ասաց. «Գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում: Բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play