Ես չեմ ուզում՝ մենք ընտրենք պատերազմի ուղին, ստանանք Ալեքսանդրապոլի պայմանագիր, հետո ասենք՝ ինչու եղավ. Գևորգ Պապոյան


Ես չեմ ուզում՝ մենք ընտրենք պատերազմի ուղին, ստանանք Ալեքսանդրապոլի պայմանագիր, հետո ասենք՝ ինչու եղավ. Գևորգ Պապոյան

  • 24-05-2023 13:19:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ընդդիմության առաջարկները կա՛մ ոչինչ են, կա՛մ պատերազմների մասին:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
 
Ըստ նրա՝ ընդդիմության խնդիրը Հայաստանը կառավարելն է, ոչ թե պետությունը։
 
«Քանի որ Հայաստանը կարող է լինել նաև այլ երրորդ պետության կազմում որևէ կարգավիճակով, բայց ոչ պետության։ Ինձ համար Հայաստանի ինքնիշխանությունն է, պետության լինելն է, տարածքային ամբողջականության պաշտպանությունն է, այս հողի վրա զարգանալու ու բարգավաճելու հնարավորություն ստեղծելն է կարևոր, նույնն էլ՝ Արցախում։ Կարևոր է պատերազմի, արտագաղթի, Արցախում հավերժական ապրելու մշտականության հարցի լուծումը»,- ասաց նա։
 
Հարցին՝ արցախցիների համար անընդունելի է լինել Ադրբեջանի կազմում, իշխանությունները ինչպե՞ս են արձագանքում նրանց այս հայտարարություններին, Պապոյանը նկատեց․
 
«Դիվանագիտական դաշտում միջազգային հանրությունն ունի հստակ դիրքորոշում որոշ հարցերի շուրջ։ Նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի թույլտվությամբ Ադրբեջանը հարձակվեց 2016-ին Արցախի և 2020 թվականին Արցախի ու Հայաստանի վրա, 2021-ին և դրանից հետո էլ։ Այս պահին կա երկու տարբերակ՝ խաղաղություն, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանություն կամ էլ պատերազմ՝ ՀՀ-ի անկախության կորուստ, տարածքային ամբողջականության խարխլում։ Եթե ավելի լավ տարբերակ կա, մենք պատրաստ ենք լսել։ Ես երեկ ընդդիմությունից ուզում էի լուծում լսել, բայց չլսեցի։ Մեր այլընտրանքը պատերազմն է։ Հայաստանին այս վիճակին բերել կանգնեցրել են այն ուժերը, որոնք երկար տարիներ բանակցել են Արցախը տալու մասին, Հայաստանին ու Արցախին թալանել են, չեն հզորացրել բանակն ու պետությունը, դա բերել հասցրել է 2020 թվականի իրավիճակին»,- ընդգծեց նա։
 
Ըստ պատգամավորի՝ եթե 20 տարում ոչինչ չի արվել, բնականաբար այդպես պիտի լինի:
 
«Ադրբեջանը Աղդամում, Լաչինում և այլ տեղերում 6,6 միլիարդ ներդրում է արել, քանի՞ 100 հազար դրամի ներդրում էին արել Հայաստանից այդ ժամանակներում։ Ես առաջարկում եմ ոչ թե մենք խոսենք պաթոսով, ցանկություններով, այլ հիմնավոր, երբ որ փաստերը դնենք ու հասկանանք՝ ինչ կարող ենք անել։ Ես չեմ ուզում, որ մենք ընտրենք պատերազմի ուղին, ստանանք Ալեքսանդրապոլի պայմանագիր, հետո ասենք՝ ինչի տենց եղավ։ 30 տարում ՀՀ-ն բանակցություններում որևէ հաջողության չի հասել։ Հետաձգել ենք ու ստացել պատերազմ»,- ասաց պատգամավորը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play