Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի ապօրինի առևանգման դեպքով ՀՀ ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ


Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի ապօրինի առևանգման դեպքով ՀՀ ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ

  • 29-05-2023 15:25:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի ապօրինի առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է ՄԻԵԴ։ 
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին գրասենյակից՝ նշելով, որ սպասում են պատասխանի:
 
«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որպեսզի ապահովվի նրանց կյանքի իրավունքը։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Դատարանը, երբ ուղարկի այդ պահանջը Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի»,- մանրամասնեցին կառույցից:
 
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։
 
Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»: Այնուհետև հայտնի դարձավ, որ նրանց կալանավորել են:
 
ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:
 
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ըստ հաղորդագրության՝ ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում էր նաև, որ քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
 
Այնուհետև ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների շահագործած թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
 
Կրկին անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների և Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել է կեղծ տեղեկատվությունը:
 
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հայկական կողմն ունի բավարար ապացույցներ՝ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
 
«Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play