Բլինքեն․ «Թուրքիան պետք է անհապաղ վավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը»


Բլինքեն․ «Թուրքիան պետք է անհապաղ վավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը»

  • 31-05-2023 13:35:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է անում պաշտոնական Անկարային խոչընդոտներ չհարուցել Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին։
 
Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ Շվեդիա կատարած այցի շրջանակներում։
 
«Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես նաև Հունգարիային, որը ևս չի վավերացրել [Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին] փաստաթուղթը, շուտափույթ կերպով հաստատել այն։ Շվեդիան պատրաստ է դաշինքին անդամակցելուն և խոչընդոտներ հարուցելու որևէ պատճառ չկա։ Այս որոշումը կայացնելու պահը հիմա է», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
 
ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։
 
Այս ապրիլին Էրդողանը ստորագրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play