Բաքուն քննադատել է արցախահայերի իրավունքների մասին Մակրոնի հայտարարությունը
02-06-2023 20:27:09 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Այհան Հաջիզադեն։
«Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարությամբ, ավանդույթի համաձայն, հանդես է եկել Շառլ Միշելը՝ որպես բրյուսելյան ձևաչափի կազմակերպիչ։ Միակողմանի հայտարարությունը, որով ավելի ուշ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահը, չի արտացոլում կողմերի դիրքորոշումն ու խեղաթյուրում է այն»,- ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Ֆրանսիան առաջին անգամը չէ, որ դրսևորում է այդպիսի վարքագիծ, ինչը դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»։
Հիշեցնենք, որ նախօրեին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է նախատեսի նաև յուրաքանչյուր կողմերի շահերի պահպանումը, բնակչության անվտանգությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքը։ Համանման հաղորդագրություն էր տարածել նաև Ելիսեյան պալատը։