Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանին


Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանին

  • 06-06-2023 10:07:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: 
 
ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ ու մեծ ներուժ, և պետք է ստեղծել փոխգործակցության դաշտ՝ իրականացնելով հստակ գործողություններ։
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը: Նա անդրադարձել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք այլ ծրագրերի շրջանակում համագործակցությանը, որը ներառում է համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
 
Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցության զարգացման  ներուժ կա՝ մասնավորապես շեշտելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլեր և կապեր հաստատել Լատվիայի գիտության խորհրդի հետ՝ բարեփոխումների, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:
 
Անդրադառնալով երիտասարդության և մշակութային ոլորտներին վերաբերող համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը: 
 
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին իր հերթին ընդգծել է՝ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Նա տեղեկացրել է, որ Լատվիայի կառավարության ուշադրության կենտրոնում են ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտները:
 
Դեսպանը տեղեկացրել է, որ նշված ոլորտներում կիրառվում են նորարար մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին արագ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:
 
Էդիթ Մեդնեը տեղեկացրել է, որ լատվիական կրթական մոդելը Եվրոպայում լավագույններից մեկն է, որը փորձարկվում է նաև այլ երկրներում:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայությունների մոդելներ կան:
 
Նա հատկապես առանձնացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը:
 
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում:
 
ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play