Արցախի ժողովուրդը կանգնած է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ․ պետնախարար


Արցախի ժողովուրդը կանգնած է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ․ պետնախարար

  • 14-07-2023 12:36:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արցախի ժողովուրդը հունիսի 15-ից, երբ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը և զրկել արցախցիներին սահմանափակ հումանիտար մատակարարումներից, կանգնած  է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
 
«Այսօր արցախցին ոտքի է ելել  հայտարարելու, որ բավ է. Ադրբեջանն ու աշխարհն ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը, և մենք դա թույլատրել չենք կարող:
 
Եթե 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արցախցին ստիպված էր թերսնվել, եթե առողջական խնդիրներ ունեցող մեր տարեցները, երեխաները, ծնողները հարկադրված էին անցնել ծանրագույն կենսական խնդիրների միջով, ապա 2023 թվականի հունիսի 15-ից մեր ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ: Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախը ապրում է ներքին ռեսուրսների հաշվին: Այդ ընթացքում բոլորիս համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որպեսզի Արցախի շրջափակման այս ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ն, ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար: Բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով են հետևում այդ ամենին»,-նշեց պետնախարարը՝ հավելելով, որ այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար:
 
Նրա խոսքով՝ արդեն կան առողջապահական բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ և շատերի՝ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է: Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով: Սկզբնական շրջանում կրճատվել, իսկ հիմա դադարեցվում են միջհամայնքային ուղևորափոխադրումները, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ: Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի անհասանելիության խնդիր: «Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք: Ուզում եք մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություններ լինե՞ն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է: Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ:
 
Ամեն օր մեր մայրերն ու քույրերը, իրենց արցունքները թաքցնելով, նայում են իրենց երեխաների աչքերին և, պատասխանատվության տակ խեղդվելով, ընտրություն անում և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը, մեր Արցախը: Մենք ուշիուշով հետևում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին: Հետևում ենք, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում:Հետևում ենք, բայց ոչ արդյունքն ենք տեսնում, ոչ՝ ազդեցությունը զգում, իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ և հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին: Եվ նորից ձեր բոլորի անունից ուզում եմ գոռալ՝ մենք արդեն հասել ենք համբերության եզրագծին և այլևս զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռել քաղաքական մանրևրեր կատարելու հնարավորություններ: Մենք այլևս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվել: Ի վիճակի չենք, որովհետև այլևս հյուծվելու տեղ չունենք: Որովհետև ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է՝ Արցախի 30 հազար երեխաների կյանքի գնով:Մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու»,-շեշտեց պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
 
Վան Նովիկով
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play