Ստեղծվել է «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը»


Ստեղծվել է «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը»

  • 25-07-2023 12:00:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հասարակական, քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակների մասնակցությամբ շուրջ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը, ընդունվել է նաև հարթակի հռչակման մասին հայտարարությունը:
 
Օրերս կայացած հանդիպման ընթացքում մասնակիցները, մեծապես կարևորելով հարթակի ձևավորումը Արցախի համար այս դժվարին փուլում, նշել են, որ հարթակի նպատակն է՝
1. Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,
2. Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ, 
3. Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ/՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, 
4. Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,
5. Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ: 
Շարժման հայաստանյան հարթակի ձևավորումը Ստեփանակերտից ողջունել են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը և Շարժման անդամները՝ այն կարևոր քայլ համարելով Արցախի շուրջ հայության միավորման, ուշադրությունը Արցախի վրա կենտրոնացնելու առումով: 
 
Հարթակի համադրող Թևան Պողոսյանը նշել է, որ այս հարթակը բոլորին հնարավորություն է տալու համախմբվել Արցախի հարցի շուրջ՝ ընդգծելով, որ շարժումը բաց է նոր գաղափարների և նախաձեռնությունների համար: 
 
Կառույցը բաց է մասնակցության համար բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են միավորվել ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽ ունենալու գաղափարի շուրջ: 
 
Հարթակին միանալու համար կարելի է դիմել armenia-platform@artsakhfront.am էլեկտրոնային հասցեին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play