«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 25-07-2023 12:02:16   |   |  Հասարակություն

 
 
  2023թ. մայիսին, Արցախի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ, վեր կանգնելով կուսակցական և անձնական շահերից, Ստեփանակերտում ձևավորեցին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ նպատակ ունենալով դիմագրավել Արցախում ստեղծված գոյաբանական սպառնալիքները, կառավարման ու հումանիտար խորացող ճգնաժամերը, մշակել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն։ 
Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ գեներացնելու, տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ միավորելու և նրանց ջանքերը համադրելու, ինչպես նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատի» գործունեությանն աջակցելու նպատակով՝  նախաձեռնող խումբը հայտարարում է հայաստանյան հարթակի ձևավորման մասին։ 
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակը» ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽԻ գաղափարի շուրջ ձևավորվող համախմբում է, որը միավորում է  քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների: 
Հարթակը, համախմբելով հայության տարբեր հատվածների, հանրային, քաղաքական, հոգևոր, մասնագիտական շրջանակների, ծառայելու է Արցախի Հանրապետությունը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրին՝ համոզումով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: 
2020թ. սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքները, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ, ցեղասպանական վարքագիծը, Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը, վատթարացող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական բարդ իրավիճակը, ՀՀ իշխանությունների վարած անհամարժեք արտաքին և ներքին քաղաքականությունը պահանջում են համազգային ներուժի համախմբում՝ հանգուցալուծելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական խնդիրները:
Մենք ՝ նախաձեռնող խմբի անդամներս, 
Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր անհատներին, կազմակերպություններին, միավորումներին և նրանց ներկայացուցիչներին,  ովքեր կիսում են հայտարարված գաղափարները, գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայոց պետականության և Հայրենիքի հանդեպ, ովքեր հանձնառու են իրենց կարողություններն ու ներուժը ուղղել ծառացած մարտահրավերների լուծմանը՝ միանալ հարթակի ձևավորմանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությունները: 
 
ՀԱՐԹԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,
2. Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ, 
3. Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ/՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, 
4. Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,
5. Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ:  
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play